Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգվում են: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրագրողներին ասել է, թե ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ զրույցում առաջարկել է 1 տարով հետաձգել Օլիմպիադան: Նրա փոխանցմամբ` Թոմաս Բախը 100 տոկոսով համաձայնել է: «Խաղաղ ժամանակների համար աննախադեպ այս որոշումը ընդունվել է` հաշվի առնելով իրավիճակը: Բոլոր կողմերը մարզիկների և հանդիսատեսի համար ապահով և անվտանգ միջավայր են ցանկանում», - նշել է Ճապոնիայի վարչապետը: ՄՕԿ-ը հայտնել է, որ խաղերը տեղի կունենան 2021 թվականի ամռանը, բայց կկոչվեն Տոկիոյի օլիմպիադա 2020:
«Առաջնորդները համաձայնեցին, որ Տոկիոյի օլիմպիական խաղերն աշխարհի համար կարող են հույսի փարոս դառնալ այս անհանգիստ ժամանակներում, և օլիմպիական կրակը կարող է լույս դառնալ թունելի վերջում, որտեղ ներկայումս հայտնվել է աշխարհը: Ուստի որոշվել է, որ օլիմպիական կրակը մնալու է Ճապոնիայում», - նշված է ՄՕԿ-ի հայտարարությունում: