Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է` նոր կորոնավիրուսի հերթական էպիկենտրոնը կարող է դառնալ Ամերիկան, որտեղ հիվանդացության դեպքերը վերջին օրերին սրընթաց աճում են: «Մենք այնտեղ տեսնում ենք դեպքերի խիստ արագ ավելացում, ուստի կարծում ենք, որ ԱՄՆ-ը կարող է դառնալ վարակի հաջորդ օջախը», - «Ռոյթերզ»-ին ասել է ԱՀԿ խոսնակը:
Վերջին տվյալներով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 43000-ից, անցած 24 ժամում մահացել է 100 մարդ, որ 1 օրվա կտվածքով ամենամեծ ցուցանիշն էր համաճարակի բռնկումից ի վեր:
Վիրուսի տարածման դեմ պայքարին նաև ԱՄՆ զինված ուժերն են միացել. Պենտագոնը հայտարարել է, թե պատրաստվում է առաջիկա ժամերին Նյու Յորքում և Սիեթլում դաշտային հոսպիտալներ բացել և տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայել նահանգներում`տեղական իշխանություններին աջակցելու համար:
Նախագահ Թրամփը երեկ հրամանագիր է ստորագրել, որը քրեականացնում է կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ բշկական միջոցների մեծածավալ գնումն ու պահեստավորումը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ ոմանք կուտակեն խիստ անհրաժեշտ այդ ապրանքները, կամ վերավաճառեն` բարձր գներով: Պարզ ասած, մենք չենք թույլ տա որևէ մեկին եկամուտ դիզել` դժվարին իրավիճակում հայտնված ամերիկացիների հաշվին»՝ ասել է նախագահը:
Եվրոպայում վիրուսի հիմնական օջախը շարունակում է մնալ Իտալիան, որտեղ երկշաբաթյա կարանտինից հետո վիճակագրությունը մի փոքր փոխվել է. երկրորդ օրն է մահվան և նոր հիվանդացության դեպքերը աննշան, բայց, այդուամենայնիվ նվազում են: «Թեև վաղ է խոսել հաղթանակի մասին, սակայն թունելի վերջում արդեն լույս է երևում», - ասում են իտալացի պաշտոնյաները: Սրվում է վիճակը Իսպանիայում. վերջին օրերին վարակի տարածման տեմպերը սկսել էին ահագնանալ, 40000 հազար հիվանդ կա, մահացածների թիվը հասնում է 3000-ի, որ ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում համաճարակի էպիկենտրոնը դարձած Իտալիայից հետո: Վարչապետ Պեդրո Սանչեսը կառավարության արտակարգ նիստ է հրավիրել` առաջկա քայլերը քննարկելու համար: Բրիտանիայի կառավարությունն էր արտահերթ նիտս գումարել` համազգային կարանտին հայտարարելու հարցով: Այսօր առավոտից արդեն բրիտանացիները տանից կարող են դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ «Այլընտրանք չունենք», - հայտարարեց վարչապետ Բորիս Ջոնսոնը. «Այս վիրուսը մեզ պատուհասած ամենամեծ մարտահրավերն է վերջին տասնամյակներին: Ես այսօր մի շատ պարզ հանձնարարություն ունեմ բրիտանացիներին` մնացեք տանը, դրանով կօգնեք չծանրաբեռնել առողջապահական համակարգն ու մարդկային կյանքեր փրկել»:
Ավելի զգացմունքային էր Կանադայի վարչապետի հորդորը։ «Բավ է արդեն, մնացեք տանը», - պնդեց Ջասթին Թրյուդոն՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է կարգուկանոնը պահելու համար պատժիչ միջոցների դիմել:
Զացմունքայնության առումով անգերազանցելին Իտալիայի քաղաքապետերն են, որոնք այս օրերին հնարավոր ամեն ճանապարհով` խնդրելով, աղաչել-պաղատելով ու սպառնալով, հորդորում են մարդկանց տանը մնալ: «Տանը նստելը նշանակում է մնալ ընտանիքի հետ, ոչ թե իրար գլխի հավաքվել հարևաններով», - բացատրում էր Դելիայի քաղաքապետն ու զայրույթը չկարողանալով զսպել` հավելում․ - «Քսան հոգով հավաքվում եք, որ մի պաստառ նկարեք, վրան էլ գրեք` ամեն ինչ լավ է լինելու: Հավաքում եք, ձեր բարեկամ-հարազատներին եք կանչում, իբր որ պաստառը գեղեցիկ ստացվի: Բայց, ախր դա վարակի աղբյուր է, հասկանո՞ւմ եք»:
Մեկ այլ քաղաքի` Լուցերի քաղաքապետը կարճ ու կոնկրետ էր արտահայտվում․«Գրողը տանի, այս օրերին որոշ վարսավիրներ հաճախորդների տներ են գնում` կանանց մազերը հարդարելու: Գրողը տանի, հասկանո՞ւմ եք, որ դագաղը փակ են տանում... չեմ հասկանում, ախր դագաղի մեջ ձեր հարդարված մազերն ո՞վ է տեսնելու»:
Միլանից քիչ հեռու գտնվող Քասինյո գյուղաքաղաքում քահանան` 72-ամյա Դոն Ջուզեպե Բերարդելին հրաժարվել է արհեստական շնչառության սարքից, որը նրա համար գնել էին հավատացյալ հետևորդները` խնդրելով փոխանցել երիտասարդ որևէ հիվանդի: Մի քանի օր հիվանդության դեմ պայքարելուց հետո քահանան մահացել է Բերգամոյի հիվանդանոցում: