Կորոնավիրուսից տառապող Իտալիայի, Իսպանիայի պես Ֆրանսիայում էլ վարակի տարածումը զսպող առավել արդյունավետ միջոցներից մեկը կարանտինն է:
«Մնացեք տներում, մի վտանգեք ոչ ձեր և ոչ էլ այլոց կյանքը, մնացեք տներում», -հորդորով են հանրությանը դիմում քաղաքական գործիչ և բժիշկ, ոստիկան և էստրադային երգիչ, ֆուտբոլիստ և կինոաստղ: Արշավին միացել է օպերային երգիչ Ստեֆան Սենեկալը, որ ամեն օր երեկո, ժամը 7-ին բացում է իր բնակարանի պատուհանները և դասական արիաներ կատարում թաղամասի բնակիչների համար:
«Այսպես ես նաև հարգանքի տուրք եմ մատուցում անգլալեզու իմ բարեկամներին, ովքեր տառապում են հիվանդանոցներում Ամերիկայում, Բրիտանիայում, այլ երկրներում և, իհարկե, այստեղ՝ մեր Ֆրանսիայում», - ասել է երգիչը:
43-ամյա տենորը դասական արիաներ է երգում մարտի 17-ից, երբ Փարիզը հայտարարեց խստագույն կարանտին: Սենեկալն իր հարևանին է խնդրել նկարահանել հոլովակ ու փոխանցել Reuters-ին: «Իմ առաջին պատգամն է՝ մնացեք տներում, մնացեք տներում, այդպես անելով, դուք կօգնեք բժիշկներին, նրանց, ովքեր մեզ են խնամում, երկրորդ պատգամն այն է, որ այսպես մենք նույնիսկ տանը գտնվելով, կարողանում ենք սատարել մեկս մյուսին, մեր համերաշխությունը հայտնել: Մենք կարող ենք շատ փոքրիկ, բայց օգտակար գործ անել, որովհետև հիմա ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքն է այս ողբերգական վիճակում», - նշել է նա: Տենորի փոխանցմամբ, յուրաքանչյուր մարդ հիմա կարող է իր ձայնը կիսել ուրիշի հետ, նա երգիչ է, ուստի, կերգի, մեկ ուրիշն էլ մի այլ օգտակար և բարի բան կանի: «Իսկ հիմա, խնդրում եմ՝ մնացեք տներում», - ասել է փարիզցի տենոր Ստեֆան Սենեկալը: