Հայաստանի ԱԳՆ-ն հորդորում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որ հնարավորությունների սահմաններում կարողանան աջակցել: Կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, էապես բարդացել է ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: ԱԳՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները։ ԱԳ նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հավաքագրում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները՝ գնահատելու և գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։
«Արտերկրի մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը», - ասված է հայտարարությունում։