Մարուքյանի խոսքով՝ Կառավարության հակաճգնաժամային փաթեթները խորությամբ մտածված չեն, բազմաթիվ մարդիկ դուրս են մնում թիրախային աջակցությունից: «Քաղաքացի էր զանգել ինձ, ասում է՝ փաթեթները նմանեցնում է «Ֆորդ Բոյարդ»-ի պայմաններին, արգելանքներ պետք է անցնեն, որ գումար ստանան»,-նշեց նա: Նրա կարծիքով՝ կառավարությունն ինքն իր հետ է աշխատում՝ միայն «Իմ քայլը»-ի պատգամավորներ են հրավիրվում: «Դուրս է գալիս, թե իրենք ամեն ինչ գիտեն և որևէ մեկի կարիքը չունեն, մինչդեռ կարելի էր ավելի ներառական լինել և հրավիրել տարբեր ուժերի, լսել առաջարկները»,-ասաց նա:
Մարուքյանը նաև նշեց, որ անհասկանալի է՝ այս նեղ սոցիալ-տնտեսական վիճակում խոսել գրանցված-չգրանցված աշխատողների մասին. «Հարյուր հազարավոր մարդիկ արտագնա աշխատանքի են գնում, այժմ չեն կարող գնալ՝ սահմանների փակ լինելու պատճառով: Այս մարդիկ պետք է ինչ-որ աջակցություն ստանային: Նրանք մոտավորապես 20 տարի փող են աշխատում, ուղարկում Հայաստան և Հայաստանի տնտեսությունն օգտվում է դրանից, հիմա իրենց ասում են՝ կներեք, դուք գրանցված աշխատող չեք»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ խմբակցությունը դիմել էր ԱԺ և կառավարության ղեկավարությանը՝ առաջարկելով Հայաստանում վերջին 1 տարում ձևավորված պարգևավճաների ֆոնդը ընդհանրապես վերացնել՝ ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դա վերաբերում է 400 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողներին: «Մենք առաջարկում ենք այդ գումարներն ուղղել Կառավարության սոցիալական փաթեթների կիրառմանն ու դրանք ընդլայնել: Վերջին մեկ տարա ընթացքում նախարարների աշխատավարձեը կրկնապատկվել են՝ 700000 դրամից դառնալով 1,5 միլիոն, խորհրդարանում պատգամավորները աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար են ստացել: Առաջարկել ենք ղեկավար կազմի, քաղաքական պաշտոնների այդ ֆոնդերը ամբողջությամբ ուղղել սոցիալական նպատակների իրականացմանը»,-մանրամասնեց պատգամավորը:
Նա նշեց նաև, որ գրավոր դիմել է Կառավարության ղեկավարին և ԿԲ նախագահին՝ նշելով, որ իրավիճակի դրամատիզմին համահունչ՝ պետական բյուջետային ծախսեր են անհրաժեշտ: «Այն, ինչ արվում է, ընդհանրապես բավարար չէ սոցիալ-տնտեսական վիճակը որոշակի առումով հարթելու կամ մարդկանց ապրելու հնարավորություն տալու, մինչև իրավիճակը հանդարտ կյանքի պայմաններին գա»,-նշեց Մարուքյանը: