ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Նրանք տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։ Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և նաև Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը: