Թուրքմենստանում արգելել են օգտագործել «կորոնավիրուս» բառը, գրում է «BUSINESS Online»-ը: Բառն արգելված է լրատվամիջոցներում և առողջապահության նախարարության թռուցիկներում, որտեղ հիշատակվում էր նոր վարակի մասին: Այժմ խոսքն ընդհանուր առմամբ սուր շնչառական վիրուսային վարակների մասին է: «Կորոնավիրուս» բառի «անհետացման» վրա ուշադրություն է դարձրել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ու «Թուրքմենստանի քրոնիկոն» տեղական հրատարակությունը: «Բացառելով «կորոնավիրուս» բառը թուրքմենական բառարանից՝ պանդեմիայի մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակով, Թուրքմենստանը վտանգում է իր քաղաքացիներին», - գրում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թուրքմենստանում կորոնավիրուսով վարակի դեպքեր չեն գրանցվել: Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որպես վարակի հակաթույն, քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտագործել ժողովրդական միջոց՝ վայրի սատապի ծուխ: