Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։ Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այնուհետև հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել: Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։ 2016-ի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ և կորցրել է մոտ 800 հա տարածք: