Այսօր գրանցվեց կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով` 68-ամյա քաղաքացու մոտ եղել է հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի այդ նա ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն: Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածության 92 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի: Բուժվածները 33-ն են: Այս պահին արհեստական շնչառական ապարատին միացված 4 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է՝ կառավարության նիստում, հետո նաև ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ կատարված փորձանմուշների արդյունքում ունենք մի փոքր մեծ թիվ` 92 դրական դեպք, որոնց գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել, օրինակ` կարանտինում մեր հսկողության տակ կամ եղել են շփված զոնայում ի սկզբանե հաստատված պացիենտների: Իհարկե, կան նաև նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից` թե ցամաքային ճանապարհով, թե օդային: Դրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է»,- նշեց նախարարը:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 քաղաքացիներից մեկը երիտասարդ է, 3-ը` տարեց.- «Բավական տարեց, մեր ավագ սերնդի քաղաքացիներ են, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, և միայն մեկն է, որ երիտասարդ է, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում, և վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են: Ընդհանրապես տրամաբանությունը կա, մենք ինքներս տեսնում ենք տարիքի և խրոնիկ հիվանդությունների հետ ուղիղ կապը»:
Նրա խոսքով՝ մինչև այսօր մեկուսացումից դուրս է գրվել 350 քաղաքացի, այս թիվն առաջիկայում կաճի, շատերի մեկուսացման 14 օրն արդեն լրանում է։ «Շուտով օրական 400-500 թեստավորում կարվի, նոր սարքավորումներ ձեռք բերելուց հետո այդ թիվը կհասնի մինչև 1500-ի»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Նախարարից հետաքրքրվեցինք, թե արհեստական շնչառական քանի՞ ապարատ կա այսօր Հայաստանում, ասաց՝ այս պահին միայն կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացված 55 սարք կա, որոնցից 5-ն արդեն օգտագործվում են, սարքերի թիվն առաջիկայում կավելանա. «Սարքերի թիվը կմեծանա հատկապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներգրավմամբ, որտեղ մենք ունենք ևս 20 սարք, ինչպես նաև հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք` մոտ 100 մի տեսակի, եղավ արդեն մոտ 170 սարք, ևս 5, թե 6 նույն ինքնաթիռով` կարծես թե մեկ այլ մոդելի, և ևս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, և մյուս կեսն էլ` մայիսի կեսին, ու այդպես շարունակ ձեռքբերում ենք»: