Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելուց հետո, համաշխարհային առաջնորդներն իրենց լավագույն բարեմաղթանքներն են հղել վարչապետին, նրա ընտանիքին և բրիտանացի ժողովրդին, գրում է The Guardian-ը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ջոնսոնի նախորդները՝ Դևիդ Քեմերոնը և Թերեզա Մեյը, շուտափույտ ապաքինում են մաղթել վարչապետին, իսկ Brexit-ի հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, որը նույնպես անձնական պայքար է մղում կորոնավիրուսի դեմ, ասել է․ «Իմ մտքերը Ձեզ և Ձեր ընտանիքի հետ են»: «Մենք վշտացած ենք այն փաստով, որ նրան այսօր առավոտյան ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար»,- հայտնել էր ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ խնդրել է «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» օգնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժման հարցում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես Ջոնսոնին առողջություն է մաղթել՝ հուսալով նրան շատ շուտով կրկին տեսնել Դաունինգ սթրիթում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս դժվարին պահին իր «մտքերը վարչապետի, նրա ընտանիքի և Մեծ Բրիտանիայի ժողովրդի հետ են», հույս է հայտնել, որ Ջոնսոնն «արագ կհաղթահարի» այդ փորձությունը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Twitter-ի իր էջում գրել է. «Իմ մտքերը Բորիս Ջոնսոնի և ողջ բրիտանացի ժողովրդի հետ են։ Մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում: Դուք ունեք իտալական կառավարության և իմ աջակցությունը»։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Իսրայելի ժողովուրդն աղոթում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ մեր ընկերոջ շուտափույթ և լիարժեք ապաքինման համար»,- ասված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Twitter-ի իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Իմ սիրելի ընկեր Բորիս Ջոնսոն, իմ մտքերն ու աղոթքները Ձեր և Ձեր ընտանիքի հետ են այս դժվարին պահին, երբ պայքարում եք արագ վերականգնման համար: Ճապոնիայի ժողովուրդն այս դժվարին պահին աջակցում է Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- Twitter-ի իր էջում գրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։