Չինաստանը Բրազիլիայից բացատրություն է պահանջել կրթության նախարար Աբրահամ Վայնտրաուբի արտահայտության համար, որ կորոնավիրուսի համավարակը Պեկինի «համաշխարհային տիրապետության ծրագրի մի մասն է», գրում է The Guardian-ը։ Երկու երկրների հարաբերություններում լարվածություն մտցրած միջադեպի հեղինակ Աբրահամ Վայնտրաուբը ակնարկել է, որ առողջապահության համաշխարհային ճգնաժամի հետևում Չինաստանն է կանգնած։
«Աշխարհաքաղաքական տեսանկյունից ո՞վ ավելի ուժեղ դուրս կգա այս համաշխարհային ճգնաժամից։ Ո՞վ է Բրազիլիայում կապված համաշխարհային տիրապետության այդ անսխալական ծրագրի հետ»,- Twitter-ում գրել է նա։
Պորտուգալերեն արված գրառման մեջ նախարարը Բրազիլիա բառում «ր» տառը փոխարինել է «լ»-ով, որը սովորաբար օգտագործվում է չինական առոգանությունը ծաղրելու համար։ Բրազիլիայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է Վայնտրաուբի «անհեթեթ և արգահատանքի արժանի» թվիթերյան գրառումը՝ նրան անվանելով «ծայրահեղ ռասիստ»։ «Չինաստանի կառավարությունը պաշտոնական բացատրություն է ակնկալում Բրազիլիայից», - Twitter-ի իր էջում գրել է դեսպան Յան Վանմինը: Վայնտրաուբն ավելի ուշ հայտնել է, որ չի հրաժարվում իր թվիթերյան մեկնաբանությունից՝ Չինաստանին կոչ անելով ավելին անել համավարակի դեմ պայքարի գործում։ «Եթե նրանք (Չինաստանը) մեզ թոքերի արհեստական օդափոխության 1000 սարք վաճառեն, ես ծնկի կգամ դեսպանատան առջև, ներողություն կխնդրեմ և կասեմ, որ ինձ ապուշի պես եմ պահել», - ասել է նա Radio Bandeirantes-ին հարցազրույցում։ Առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ փորձում է Չինաստանից թոքերի արհեստական օդափոխության սարքեր և այլ կենսական բժշկական պարագաներ ձեռք բերել, սակայն Չինաստանը պատվերն առանց բացատրության չեղյալ է հայտարարել։ ՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 12 232 դեպք, մահացել է 566 մարդ։