ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնական գրություն է ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ապրիլի 6-ին նրա՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանը հրապարակային բազմաթիվ անդրադարձներ է արել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:
Պաշտոնական պատասխանում միաժամանակ ընդգծվել է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի` 06.04.2020 թվականի վերոհիշյալ գրությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերը մերժելու դեպքում գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ և օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվել է հիշյալ պաշտոնատար անձին` այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նաև խնդրել է պարզաբանել` հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվու՞մ է, թե՞ ոչ և տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն: «Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում: