Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեղեկատվություն Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին: Նա նշել է, որ ՏՏ գործիքակազմը, տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի և հնարավորություն է տալիս վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները:
Զեկուցվել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 000 թեստով, 60 000 բժշկական դիմակով, 280 000 պաշտպանիչ դիմակով, 20000 պաշտպանիչ ակնոցներով, 100 000 պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով: Տիգրան Ավինյանը նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 000 թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով: