Հռոմի պապը, պատմության մեջ առաջին անգամ, Սուրբ Զատիկի պատարագն անց է կացրել փակ դռների ետևում Վատիկանի Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ տաճարում՝ աշխարհին կոչ անելով համընդհանուր համերաշխության կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին և դրա հետևանքների դեմ պայքարում, հաղորդում է Reuters-ը: Համաճարակի պատճառով Վատիկանում փոփոխվել է զատկական իրադարձությունների ձևաչափը: Պապն իր ավանդական ուղերձը բազմահազարանոց հավատացյալներին փոխարինել է համացանցային կոչով:
Տաճարի պատշգամբից հանդես գալու փոխարեն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խոսքն ասել է Սուրբ Պետրոսի գերեզմանի առաջ՝ շեշտելով միայնությունը, որին բախվել են մարդիկ ամբողջ աշխարհում՝ կարանտինի պատճառով:
Հռոմի պապը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել գլոբալ հակամարտություններում, չեղարկել զարգացող երկրների պարտքերը և մեղմել պատժամիջոցները: «Թող մեղմեն միջազգային պատժամիջոցները, որ դժվարացնում են երկրներին համարժեք աջակցություն ցուցաբերել իրենց քաղաքացիներին»,- ասել է Ֆրանցիսկոսը: Հռոմի պապը Եվրամիությանը նախազգուշացրել է փլուզման սպառնալիքի մասին, եթե համաձայնություն չլինի տարածաշրջանի վերականգնման հարցում: «Եվրամիությունը այժմ կանգնած է դարաշրջանի մարտահրավերի առջև, որից կախված կլինի ոչ միայն նրա, այլև ամբողջ աշխարհի ապագան»,- ասել է Ֆրանցիսկոսը: Նա աղոթել է վիրուսից տուժած բոլոր մարդկանց համար: