Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1850000ը, մահերի թիվը` 114 000, բուժվել է 428 000 մարդ:
Առաջին տեղում՝ ոչ միայն վարակվածների, այլև մահացածների թվով, ԱՄՆ-ն է. վարակվածների թիվը գերազանցում է 560 000-ը, մահացել է 22 000 մարդ: Բոլոր նահանգներում «զանգվածային աղետ» է հայտարարվել:
Իտալիայում և Իսպանիայում համաճարակը թուլանում է՝ հայտնաբերված նոր դեպքերի թիվը և մահացությունը մի քանի օր նվազում է: Կարանտինը շարունակում է գործել:
Մեծ Բրիտանիայում մահացածների թիվն անցել է 10,5 հազարը: Վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից, նրան խորհուրդ չի տրվում վերադառնալ աշխատանքի:
Բելգիայում մահվան թիվը հասել է 3 600-ի, կիրակի երեկոյան Բրյուսելում բողոքի ցույցեր են սկսվել, ձերբակալվել է 45 մարդ: Պատճառը կարանտինը խախտողի մահն է՝ սքութերով մի դեռահաս փորձել է թաքնվել ոստիկանությունից և մահացել է` բախվելով իրեն հետապնդող մեքենաներից մեկին:
Չինաստանում նոր դեպքերից կեսից ավելին հայտնաբերվել է Ռուսաստանից վերադարձած քաղաքացիների մոտ:
Ռուսաստանում վարակվածների թիվը մոտենում է 16 000, 140 մարդ մահացել է:
Բելառուսում ամեն ինչ պաշտոնապես դեռ «կարգին է»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հրաժարվել հանրային միջոցառումներից և ավելի շատ տեղեր նախապատրաստել հիվանդանոցներում, քանի որ անբարենպաստ սցենար է կանխատեսում: