Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրությունը կրում է երկարատև բնույթ, իսկ տնտեսական հետևանքները համեմատելի են պատերազմի վնասի հետ՝ հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն: Նրա նամակը երկուշաբթի հրապարակել է «Financial Times»-ը:
«Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակն անդրադարձել է մեզնից յուրաքանչյուրի վրա, փոխել է մեր սովորությունները և սրել դժվարությունները, որոնց բախվում են բնակչության առավել խոցելի խմբերը: Դա շարունակական արտակարգ դրություն կլինի, որի ազդեցությունն ու տնտեսական հետևանքները նմանեցնում են պատերազմի», - ասել է նա: Ըստ նախարարի՝ ԵՄ-ն երկար տարիներ կարողացել է կանխել իրադարձությունների նման զարգացումը՝ հիմնարար սկզբունքների պահպանման ճանապարհով: «Մենք պետք է ընդունենք ճշմարտությունը. Եվրոպան մինչ այժմ պատշաճ համերաշխություն չի ցուցաբերել, չի կարողացել մեկ թիմ դառնալ, դա անելու ցանկություն էլ չի դրսևորել: Ի հայտ են եկել եսասիրությունն ու անհատապաշտությունը», - ասել է Դի Մայոն և ավելացրել, որ իրավիճակը պետք է «մտորելու առիթ դառնա ոչ միայն բոլոր իտալացիների, այլև ԵՄ բոլոր քաղաքացիների համար»: