Հայաստանը նախատեսում է ներկրել կորոնավիրուսի ախտորոշման ևս 20 000 թեստ, 100 000 թեստի հումք՝ տեղում արտադրելու համար՝ ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Հաջորդ թռիչքով, որը նախատեսվում է Չինաստանից, մենք ներկրելու ենք 100 000 թեստերի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով Հայաստանում արտադրել ՊՇՌ թեստեր: Եվ թեստերի մեր կարիքը պետք է կարողանանք ամբողջական բավարարել՝ այն ներկրումներով, որոնք մենք արդեն իսկ արել ենք: Մոտ 60 000 բերել են Չինաստանից, 20 000 սպասում ենք Լեհաստանից, 100 000 թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ»,-ասաց Ավինյանը: Փոխվարչապետը համարում է, որ այս ընդհանուր չափաքանակը բավարար է տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար: