Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը արդեն գերազանցում է 1 միլիոն 925 000-ը, մահերի թիվը մոտենում է 120 000-ին, բուժվել է մոտ 452 000 մարդ:
Մահերի թվով առաջինն ԱՄՆ-ն է՝ վերջին մեկ օրում 1,5 հազար, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 23,6 հազար է: Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարեց համաճարակի դեմ պայքարում իշխանությունների ռազմավարության արդյունավետության մասին, Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ վերագործարկել տնտեսությունը:
Իտալիայում և Իսպանիայում, որ մահերի թվով հաջորդում են ԱՄՆ-ին՝ 17,7 հազար և 20,4 հազար, կարանտինը մեղմացվում է: Իսպանիայում որոշ արտադրական ձեռնարկություններ կվերսկսեն աշխատանքը, Իտալիայում կբացվեն գրենական պիտույքներ վաճառող խանութներն ու գրախանութները, մանկական հագուստի խանութները:
Ֆրանսիայում, որտեղ մահվան դեպքերի թիվը մոտենում է 15 000-ին, կարանտինը երկարաձգվեց մինչև մայիսի 11-ը, սահմանափակումների վերացումը կլինի աստիճանական:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հակված է կարանտինը երկարաձգել ևս մեկ ամսով, մահվան 11,3 հազար դեպք է գրանցվել:
Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանին շուրջօրյա պարեկություն է սահմանել և արգելել է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ ուսումնասիրությունների հրապարակումն առանց իշխանությունների հետ համաձայնեցման:
Ղազախստանում, անձնական պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով, կորոնավիրուս է հայտնաբերվել 211 բուժաշխատողի մոտ:
Բելառուսի նախագահը շարունակում է պնդել, թե երկրում ոչ ոք չի մահացել նոր կորոնավիրուսից: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 29 մահ է գրանցվել:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի 2 558 նոր դեպք է գրանցվել, հիվանդ է 18 328 մարդ, մահացել է 161-ը: Մոսկվայում հիվանդանոցները գերծանրաբեռնված են, ևս 24 հիվանդանոցներ վերակազմավորվելու են նոր կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար:
Ադրբեջանում իշխանությունները համաճարակն օգտագործում են ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար. 16 ակտիվիստ ձերբակալվել է՝ բոլորը մեղադրվում են կարանտինը խախտելու մեջ: