Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել 25 աղքատ պետության պարտքի ծավալի անհապաղ կրճատման առաջարկին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցելու նպատակով: ԱՄՀ-ի առջև պարտքային բեռը մասամբ թեթևացվել է Աֆղանստանի, Բենինի, Բուրկինա Ֆասոյի, Հայիթիի, Գամբիայի, Գվինեայի, Գիվինեա Բիսաուի, Եմենի, Կոմորյան կղզիների, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Լիբերիայի, Մադագասկարի, Մալավիի, Մալիի, Մոզամբիկի, Նեպալի, Նիգերի, Ռուանդայի, Տաջիկստանի, Սոլոմոնյան կղզիների, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի, Սան Տոմե և Պրինսիպիի համար: ԱՄՀ-ի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան մանրամասնել է, որ այս բոլոր պետությունների՝ ԱՄՀ-ի առջև ունեցած պարտքի սպասարկման և մարման համար կօգտագործվեն ԱՄՀ-ի հատուկ թրասթային հիմնադրամի միջոցները: Այդ ֆինանսական միջոցների հաշվին երկրների պարտքային պարտավորությունները կսպասարկվեն կես տարի: Սա հնարավորություն կտա աղքատ երկրներին սեփական միջոցներն ուղղել համավարակի դեմ պայքարին: