Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման տեմպերի նվազումն ավելի դանդաղ է, քան ավելացումը: Մինչդեռ Covid-19-ը շատ արագ է տարածվում, կնահանջի շատ ավելի դանդաղ: «Այլ կերպ ասած՝ նվազումն ավելի երկարատև կլինի, քան աճը»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Գեբրեյեսուսը:
Երկուշաբթի ելույթ ունենալով Ժնևում՝ նա հայտարարել է, որ երկրները պետք է զգույշ լինեն՝ սոցիալական հեռավորության պահպանման սահմանափակումները մեղմացնելիս: «Դա նշանակում է, որ վերահսկման միջոցները պետք է չեղարկվեն դանդաղ և զգուշությամբ: Դա չի կարող միանգամից տեղի ունենալ: Վերահսկաման միջոցները կարող են չեղարկվել միայն, եթե անհրաժեշտ հանրային առողջապահական միջոցառումներ սահմանվեն»,- հավելել է Գեբրեյեսուսը: