«ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ռուսաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ներկայացնելով նախագահների հեռախոսազրույցի մանրամասները: «Նախագահ Թրամփը ընդգծել է, որ եթե Ռուսաստանը հավելյալ մատակարարումների կարիք ունենա, ԱՄՆ-ը օգնության ձեռք կմեկնի, երբ իրենց մոտ էլ արտադրությունը կհասցվի անհրաժեշտ ծավալների: Կարծում եմ, սա նորմալ, դաշնակցային մոտեցում է», - ասել է Լավրովը:
Ապրիլի սկզբին Ռուսաստանը բժշկական պարագաներով ու պաշտպանիչ միջոցներով բեռնված ինքնաթիռ էր ուղարկել Նյու Յորք: Մոսկվան նախ պնդել էր, թե դա մարդասիրական օգնություն է, հետո ընդունել, որ ամերիկյան կողմը վճարել է ապրանքի մեծ մասի դիմաց: