Վաղ թե ուշ Հայաստանի հարկատուներին են վերադարձվելու բոլոր այն գումարները, որոնք պատկանում են հենց իրենց՝ Աժ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այս օրենքը բարեխիղճ, օրինապաշտ, իրենց մասնագիտական ու բիզնես կարողություններով որոշակի հաջողության հասած մեր քաղաքացիների մասին չէ և նրանց չի առնչվելու: Այս օրենքը չի վերաբերում նաև ազնիվ և օրինական ճանապարհով որոշակի կարողություններ ձեռք բերած մեր բազմաթիվ քաղաքացիներին: Այս օրենքը վերաբերելու է անազնիվ, ապօրինի ճանապարհով ահռելի միջոցներ կուտակած այն մարդկանց, ովքեր շատ հաճախ իրենց ունեցվածքը թաքցրել են ուրիշի անվան տակ, օրինակ, զոքանչի, քենու, աներոջ: Ընդ որում, դա տեղի է ունեցել տասնյակ տարիներ՝ բոլորիս աչքի առաջ»,- ասաց Մակունցը: Նրա խոսքով՝ սա գործիք է, որով ժամանակին շատ դեպքերում կոռուպցիոն մեխանիզմներով ձեռք բերված ու հմտորեն հետքերը թաքցրած, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հարստացած մարդկանց կողմից ձեռք բերվածը վերադարձվելու է պետական բյուջե՝ դատարանի որոշմամբ: «Սա նաև քաղաքական ուղերձ է ներկա և ապագա պաշտոնյաներին: Մեր քաղաքական ուղերձն այն է, որ վաղ թե ուշ այն գույքը, ունեցվածքը, որը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, միևնույն է, վերադարձվելու է պետական բյուջե: Վստահ եմ, որ մոտ ապագայում ականատես ենք լինելու այս գործիքի կիրառման շոշափելի արդյունքների»,- հավելեց Մակունցը: