Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԱԾ. Մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

ԱԱԾ. Մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին
15.04.2020 | 21:55

ԱԱԾ-ն ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: ԱԱԾ հաղորդագրությունում նշված է, որ ստացված փաստական տվյալների համաձայն, նա 2010-ի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել նրա ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11 միլիարդ 442 միլիոն 68 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010-ի հունիսի 28-ից մինչև 2011-ի հունիսի 27-ը ստացել և անարգել տնօրինել են 3 միլիարդ 664 միլիոն 175 հազար դրամին համարժեք 9 միլիոն դոլար և 361 միլիոն 500 հազար դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:


Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
«Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013-ին նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել», - ասված է հաղորդագրությունում:


Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, նշված է ԱԱԾ հայտարարությունում:
Համադրելով փաստերը՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը տարիներ առաջ բացահայտված և մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար։ Գործով ամբաստանյալ, գործարար Աշոտ Սուքիասյանը տարիներ առաջ հայտարարել էր, թե առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, փաստաբանի խորհրդով նրանց օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները, որպեսզի իր ձեռքից ընկերությունը չվերցնեն։

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ