Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, թե ուզում է հանրությունը տեղյակ լինի օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում կատարվածին:
«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ուենցել և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության, իրարկե, նախապես զգուշացնելով, որ պետք է հեռավորություն պահել: Ոստիկանի և մասնագետի ուղեկցությամբ է եղել, բայց հասկանալի է, որ իրավիճակը հուզումնալից է և նրանք, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները, գրկախառնվել են և երկու օր հետո մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է գրանցել։ Եվ սրա պատճառով պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց՝ պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել և քաղաքացիները պետք է հասկանան, որ ամեն ինչ լուրջ է: «Այսօր ազգակցական հարաբերություններ կան, որ համաճարակային մեր անհատական պահվածքի պատճառով փլուզվում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը: