ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Քննարկվում է Հայաստանում թոքերի արհեստական շնչառական սարքավորումների արտադրության հարցը

Քննարկվում է Հայաստանում թոքերի արհեստական շնչառական սարքավորումների արտադրության հարցը
16.04.2020 | 15:23

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում շնչառական ապարատների դեֆիցիտը և դրանից բխող խնդիրները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման իրականացման ամբողջական կամ մասնակի արտադրության գործընթաց:

Ստացվել են շուրջ 300 հայտեր և առաջարկներ, կառավարության այսօրվա նիստում ասաց նախարար Հակոբ Արշակյանը: Կառավարության նիստում հաստատվեց որոշում, որով առաջարկվում է Ինժեներական ասոցիացիային տրամադրել 90 մլն դրամ դրամանշնորհ՝ կազմակերպելու այդ աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը: Ըստ նախարարի՝ այս ծրագրի իրագործմամբ հնարավորություն կլինի թոքերի արհեստական շնչառության ապարատների ներքին պահանջարկը բավարարել, աջակցել առողջապահական համակարգին:


Գնահատականների արդյունքում 4-6 ամսում արդեն հնարավոր կլինի հասնել արտադրական վիճակի ու ունենալ աշխատող սարքավորում, ասաց Արշակյանը: Սա վերաբերում է թոքերի մաթեմատիկական մոդելավորման ներդրմամբ մարդու շնչառական իրավիճակին արձագանքող ապարատի ստեղծմանը: Շուկայական գնից շուրջ երկու անգամ պակաս գնով արտադրությամբ զբաղվելու հնարավորություն է ստեղծվում: «Սրանով հնարավորություն կունենանք ամսական 40-50 արտադրանք արտադրելու մեր հնարավորություններով: Աշխարհում այդպիսի ապարատների 800 000-ից ավելի պահանջարկ կա, և օր օրի աճում է այդ պահանջարկը: Սա նաև հնարավորություն է, որպեսզի հայկական ինժեներական ընկերությունները կարողանան հնարավորություն ստանալ մուտք գործելու բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու մասնագիտական շուկա է: Հուսանք՝ այս հնարավորությունը կկարողանան օգտագործել»,- ասաց Արշակյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սա լավ հնարավորություն է: Կա տեսակետ, որ ամռան ամիսներին կորոնավիրուսի դեպքերի անկում կարող է արձանագրվել: «Բայց եթե պատվաստանյութ չհայտնաբերվի մինչև աշուն, ինչը շատ քիչ հավանական է համարվում, հնարավոր է, որ մենք աշնանը, հետո ձմռանը ունենանք նորից վարակի թվի աճ: Այնպես որ, շատ կարևոր նախագիծ է, և լավ կլինի, որ արդյունավետ լինի»,- ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սա կարևոր ծրագիր է, եթե մենք ունենանք լոկալ արտադրություն, կկարողանանք մեր ամբողջ պահանջարկը բավարարել: Նույնիսկ եթե այս համաճարակն անցնի, միևնույն է, այդ սարքերը մեզ պետք են գալու: «Երկրորդ հանգամանքն այն է, որ այդ շուկան շատ փոքր է, և կային մի քանի դոմինանտ արտադրողներ: Բայց հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են նույնիսկ փոշեկուլ արտադրողները փորձում մտնել այդ շուկա: Եվ եթե մեր արտադրողները կամ ինժեներական ընկերությունները կարողանան այդտեղ էլ մտնել, դա մեծ հնարավորություն է նաև արտահանումների առումով»,- նշեց Թորոսյանը:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ