Հրավերը հանձնաժողովի կողմից է եղել, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ինքը ներկա չի եղել երեկ ապրիլյան ռազմական գործողությունները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին հրավիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորմանը։
«Նրանք հանդիպում են անցկացրել մինչև ուշ երեկո։ Հրավերը հանձնաժողովի կողմից է եղել։ Վստահ եմ, որ հանձնաժողովը կազմակերպել է և դիմավորումը, և ճանապարհումը։ Մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը։ ԱԺ նախագահի համար առանձին մուտք ու միջանցք կա, Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով գնալ։ Արվել է այն ամենն, ինչ անհրաժեշտ է», - ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահը արդարացված է համարում հանձնաժողովի աշխատանքները:
«Բացահատումներ արել են, գնահատականի հարց է, թե ինչ տրամաչափի։ Եկեք սպասենք, տեսնենք», - ասաց նա։ Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ առաջարկում էր սառեցնել հանձնաժողովի աշխատանքները, Միրզոյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը արտահայտել։