Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Ազգային տոնի կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակցությունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մարդասիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի ճգնաժամը և կթևակոխի առաջընթացի և զարգացման նոր փուլ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթացներին։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»: