Միջազգային ֆինանսական կառույցները գտնում են, որ թեև հարավկովկասյան երեք երկրներում տնտեսական աճի դանդաղում կամ անկում է սպասվում, ինչպես ողջ աշխարհում, Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ Հայաստանն այս տարի ունենալու է ավելի հաջող տնտեսական հեռանկար։
Ասիական զարգացման բանկի՝ այս ապրիլին հրապարակած գնահատականի համաձայն, Հայաստանը տարին կփակի 2,2 տոկոս տնտեսական աճով, Ադրբեջանը՝ 0,5, իսկ Վրաստանը՝ 0 տոկոս։
Համաշխարհային բանկի կանխատեսումը ավելի համեստ է․ 2020-ին Հայաստանը կունենա 1,7 տոկոս տնտեսական աճ, Վրաստանը՝ 0,1 տոկոս աճ, Ադրբեջանում անկում կգրանցվի՝ 0,2 տոկոս։
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները ավելի խիստ են. հարավկովկասյան երեք պետություններում էլ տնտեսական անկում է սպասվում՝ Հայաստանում 1,5 տոկոս, Ադրբեջանում 2,2 տոկոս, իսկ Վրաստանում 4 տոկոս։