Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտ կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել, սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է, որովհետև բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված և բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար հիվանդանոցներում տեղ չէր գտնվում՝ իր ուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ առնվազն մինչև այս պահը արժանապատվորեն ենք դիմագրավել համաճարակին: «Ես ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխտողներին, որոնք օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված մնալով սեփական ընտանիքներից»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված քաղաքացների համար: «Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով և անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ օրհասական և ճգնաժամային պահերին»,- հայտարարեց նա:
Փաշինյանը շեշտեց՝ այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք. «Դա իրականացվել է ինչպես բյուջեի միջոցների, այնպես էլ Հայաստանյան և սփյուռքահայ գործարարների և բարերարների աջակցությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին և անհատներին, վերջիններս պարետատանն աջակցել են նաև անհրաժեշտ մի շարք ապրանքներ Հայաստան ներկրելու հարցում»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան առանձնահատկություններից է, որ մեր երկրում չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երևույթը. «Մի բան, որը, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, սրա համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի մեր գործընկերներին, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանի բեռների շրջանառությունը այս պահին հնարավոր լավագույն ձևով ապահովելու համար»,- նշեց նա:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն են ցուցաբերել Հայաստանին: