Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը բախվել է «ճշմարտության պահին»՝ նախազգուշացնելով, որ «պոպուլիստները կհաղթեն», և դաշինքը կպառակտվի, եթե չկարողանա միավորվել կորոնավիրուսի ֆոնին ստեղծված տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում, գրում է CNN-ը։
Financial Times-ին հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ի տնտեսական մոտեցումը կորոշի՝ «քաղաքակա՞ն նախագիծ է, թե՞ միայն շուկայական»: «Եթե մենք չկարողանանք դա անել այսօր, պոպուլիստները կհաղթեն»,- հավելել է նա՝ կանխատեսելով եվրասկեպտիցիզմի ալիք այն երկրներում, որոնք առավել տուժել են համաճարակից, եթե ԵՄ-ն չաջակցի նրանց․ «Այսօր, վաղը, մյուս օրը, Իտալիայում, Իսպանիայում, գուցե Ֆրանսիայում և այլուր»։
«Երբ ներգաղթյալները ժամանում են ձեր երկիր, նրանք (ԵՄ-ն) ասում են, որ պետք է ընդունեք ներգաղթյալներին։ Երբ համավարակ է սկսվում, հայտնում են, որ մենակ պետք է պայքարեք։ Հրաշալի է», - հավելել Է Մակրոնը՝ վերաձևակերպելով պոպուլիստական փաստարկները։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ինքը «այլ ընտրություն չուներ», քան ստեղծել հիմնադրամ, որը անդամ պետությունների ֆինանսավորման համար «կարող էր ընդհանուր պարտք թողարկել ընդհանուր երաշխիքով»՝ իրենց կարիքներին, այլ ոչ թե տնտեսության չափին համապատասխան: Սա այն գաղափարն է, որը Գերմանիան և Նիդերլանդները մինչ օրս մերժել են։ «Վտանգված են համերաշխության հասկացությունները։ Դրանից է կախված ամբողջ տնտեսությունը», - ասել է Մակրոնը: