Հայաստանի կառավարության ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին ուղերձում:
«Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությանը, պիտի արձանագրենք, որ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք դրանով վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետեւյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում: Հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, նրա հետ համատեղ եւ արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու նպատակով»,նշեց ՀՀ վարչապետը: Նա պարզաբանեց, թե ինչ է գործնականում նշանակում իր մատնանշած ռազմավարությունը: Կառավարությունը փուլ առ փուլ թույլատրում է տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն է ակնկալվում գործատուներից, որոնք պետք է ապահովեն իրենց գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները: «Այսօրվանից արդեն բոլոր տնտեսավարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար եւ կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանը օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար: Համաճարակային այս ժամանակաշրջանը առանձնահատուկ պատասխանատվություն է դնում մեզնից յուրաքանչյուրի վրա: Մեզնից յուրաքանչյուրը պետք է առավելագույնն անի նախ ինքը չվարակվելու, ապա եւ ուրիշներին չվարակելու համար»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նա այնպիսի բանաձեւ առաջարկեց, որի կիրառման պարագայում հնարավոր կլինի «երաշխավորել ինքներս մեզ եւ մեր հարազատներին»: Ըստ այդմ՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պայման. առաջինը իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն: Երկրորդ. դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով. այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հենքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը: Հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է:
«Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով վարակվելուց: Ահա փաստորեն երեք կանոն, որոնք կլուծեն խնդիրը բայց այդ կանոնները պահպանելու համար մեզնից առանձնահատուկ եւ հավաքական ջանքեր են պահանջվում: Ես նկատի ունեմ ինչպես մեր ու մեր ընտանիքների, այնպես էլ հանրային սննդի ոլորտի եւ գեղեցկության սրահների ոլորտում աշխատող տնտեսվարողների ջանքերը:
Կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ եւ նույնիսկ նոր ռեֆլեքսներ: Ի վերջո, մեր վարքագծի բազմաթիվ կանոններ, բազմաթիվ ռեֆլեքսներ ձեւավորվել են ժամանակի ընթացքում, տարբեր գործոնների ազդեցության ներքո եւ թերեւս հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ իրավիճակը անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորույթների, շփման ձեւերի, առօրյա շարժուձեւերի մեջ:
Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են: Բայց սա պետք է ոչ թե թուլացնի մեր զգոնությունը, այլ ընդհակառակը: Առավելեւս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք:
Եթե այդպես վարվենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի: Եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի:
Եվ այստեղ էլ իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առջեւ: Եվ իմացեք՝ ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են: Եվ մենք միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը եւ նրանից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ»,-եզրափակեց վարչապետը: