Կորոնավիրուսից մահվան վերջին դեպքերը գրանցվել են հիմնականում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն ասում է՝ պատճառն այն է, որ այստեղ են ուղեգրվում ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդները:
«Մնացած բուժհաստատություններում, որտեղ ստանում են բուժում կորոնավիրուսի վարակով հիվանդները, վիճակի ծանրությունով պայմանավորված՝ տեղափոխվում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հագեցած է վերակենդանացման ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով, անձնակազմով», - նշեց փոխտնօրենը: Պետրոս Մանուկյանն ասում է՝ հարյուրավոր ապաքինումներ են ունեցել, նաև մանկահասակ երեխաներ. «Որոնք չեն եղել ծանր վիճակում և համապատասխան բուժում, հսկողություն իրականացնելուց հետո մի մասն արդեն ապաքինված վիճակում դուրս են գրվել»: Երկու շաբաթ առաջ այս բուժկենտրոնը վերապրոֆիլավորվեց և սպասարկում է միայն կորոնավիրուսով հիվանդներին, 400 մահճակալ է նախապատրաստվել, բարեբախտաբար, թիվն ավելացնելու կարիք չի եղել: «Եթե հանկարծ թվաքանակը մեծ լինի, մենք պատրաստ ենք ծավալել ևս լրացուցիչ 100 մահճակալ: Այս պահին մենք ունենք կահավորված ռեանիմացիոն 86 մահճակալ», - ընդգծեց Մանուկյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի 350 հոգանոց անձնակազմը տուն չի գնում արդեն 13 օր, փոխտնօրենը գիշերում է հենց հիվանդանոցում:
«Աշխատանքի ծանրաբեռնվածությունն այն աստիճան է, որ մինչև գիշերը ժամը 1-ը, 2-ը և ավելի աշխատել, որից հետո արդեն հյուրանոց գնալը դառնում է աննպատակահարմար», - ասաց նա: «Հերթափոխն ավարտեցինք, հյուրանոց ենք գնում», - ասում է ընդունարանի բաժնի վարիչ, վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Կարեն Տոնոյանը: Պաշտպանիչ միջոցների պակաս չկա, բժիշկ Տոնոյանն ասաց՝ օրը մի քանի անգամ հագուստն էլ ամբողջությամբ փոխարինում են, հընթացս զարկ տալիս երևակայությանը: «Տարբեր բաներ ենք մտածում՝ ձեռքի հագնելունը ոտքին ենք նաև հագնում, որ կարողանանք ավելի հերմետիկ, ավելի պաշտպանված, ավելի հարմարավետ», - ասաց բժիշկը:
Բուժկենտրոնում կորոնավիրուսի վարակ է հաստատվել նաև բուժանձնակազմից մի քանի հոգու մոտ, վերակենդանացման բաժնի հերթապահն ասում է՝ սոցիալական անհրաժեշտ հեռավորություն պահում են, բայց երբ խոսքը հիվանդի կյանքը փրկելու մասին է, հեռավորությունն էլ, պաշտպանիչ միջոցն էլ երկրորդական են դառնում:
Այդպես, փրկվեց 90-ամյա վարակակիր տատիկը, նրան ծայրահեղ ծանր երկկողմանի թոքաբորբով հասցրել էին բուժկենտրոն։ Վերակենդանացման բաժնից երեկ անփորձանք տեղափոխվել է հիվանդասենյակ: