Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարության վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ խստիվ դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նման ոտնձգությունները:
«ԱԼԻՔ» օրաթերթի հետ զրույցում Տ. Սեպուհ արք. Սարգսյանն ասել էլ է, որ ազգերի կյանքում սրբություններ կան, որոնց մոտենալու համար մարդ պետք է ամբողջական գիտակցություն ունենա այդ սրբությունների հանդեպ: «Մեր եկեղեցին մեզ համար սրբությունների սրբոց է և այդ եկեղեցու գլխին կանգնած երկու հայրապետները՝ Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին երկրորդը և Նորին Սուրբ օծություն Արամ Ա կաթողիկոսները մեզ համար նվիրական անձնավորություններններ են: Հայաստանի պետական այրերը իրավունք չունեն Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին նման արտահայտություններ անել, հատկապես, նրան կոչելով իր մկրտության ավազանի անունով: Դա եկեղեցու վարկաբեկում է, և ես կարծում եմ, որ մեր պետական այրերը իրենց իրավունք չպետք է վերապահեն նման կերպ վերաբերվելու»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը, որպես հոգևոր հայրապետ իրավունք ունի մտահոգվելու իր ժողովրդի զավակներով, որտեղ էլ լինեն նրանք: «Մեր կարծիքով՝ Վեհափառ հոր խոսքը բանտարկյալների կյանքի ապահովությանն առնչվող, տեղին է և պատշաճ»,- հավելել է նա: