ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգներին թույլ է տվել ինքնուրույն վերացնել կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված կարանտինի սահմանափակումները: Նախագահի խոսքով՝ Տեխաս, Վերմոնտ և Մոնտանա նահանգները կարող են թեթևացնել սահմանափակումները առաջիկա օրերին: Կարանտինի վերացման պլանը ենթադրում է եռաստիճան անցում, որի յուրաքանչյուր փուլը կտևի 14 օր: Այն ներառում է ձեռնարկությունների և սոցհաստատությունների աստիճանական բացում: Առաջին փուլում իշխանությունները թույլ չեն տա քաղաքացիներին հավաքվել 10 հոգուց ավելի խմբերով, իսկ սրճարաններն ու ռեստորանները պարտավոր կլինեն սոցիալական հեռավորություն ապահովել սեղանների միջև: «Մենք ամեն ինչ միանգամից չենք բացում. դա անելու ենք քայլ առ քայլ», – ասաց Թրամփը: Նա շեշտեց նաև, որ նման միջոցառումները հնարավոր կլինեն միայն այն նահանգների համար, որոնք ակտիվորեն կորոնավիրուսի զանգվածային թեստավորում են անցկացնում, իսկ վարակման դեպքերի քանակը նվազում է: