ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆինանսական կորուստներ կրած ամերիկյան ավիափոխադրող ընկերություններին 2,9 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել, հայտնում է Ֆինանսների նախարարության home.treasury.gov կայքը։
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունն աշխատավարձերի աջակցության ծրագրի շրջանակում ավարտին է հասցրել համաձայնագրերի կնքման գործընթացը Allegiant Air, American Airlines, Delta Air Lines, Southwest Airlines, Spirit Airlines և United Airlines ավիաընկերությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ֆինանսների նախարարությունն ուղևորափոխադրող ավիաընկերություններին աշխատավարձերի վճարման ծրագրի շրջանակում կատարել է առաջին վճարումները՝ տրամադրելով 2,9 միլիարդ դոլար աջակցություն։ Հետագայում ավիաընկերություններին վճարումները կանոնավոր կկատարվեն։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ում ավիափոխադրողները Ֆինանսների նախարարության հետ համաճարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում 25 միլիարդ դոլարի չափով օգնություն ստանալու պայմանների համաձայնության են եկել: