Ես կարծում եմ, որ սա ինքնապաշտպանական ռեակցիա է: Tert.am-ի հետ զրույցում գնահատեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հիասթափված խմբերին ներկայացնելու ֆեյսբուքյան ուղիղ եթերը:
«Նիկոլ Փաշինյանը ամեն օր մտնում է սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ և հանդիպում այնտեղ քննադատություններին, իսկ վերջերս միայն քննադատություններին՝ կապված Կառավարության անարդյունավետ քաղաքականության, անարդար որոշումների հետ»,-ասաց նա և նշեց, որ վերջին շրջանում այդ քննադատություններն ավելի ակնհայտ են: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ այդ դժգոհությունը չափազանց շատ է, և որպեսզի արդարացնի՝ նա հասարակությանը բաժանում է տարբեր հատվածների: Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է նշել թիրախները, որոնք իսկապես հիասթափված են և այլ հարց համարեց, թե որքանով էր վարչապետն անկեղծ բոլորին թվարկելիս: Վարչապետը պետք է նաև օրինակ բերեր բանկի դռներն ընկած քաղացիներին, որոնք չեն կարողանում վարկեր վերցնել, խնդիրների առաջ են կանգնած, մարդկանց, ովքեր աշխատանքի չեն կարողանում դուրս գալ:
«Եթե այդքան մանրակրկիտ փոքր խմբերով փորձեր Նիկոլ Փաշինյանը ներկայացնել հիասթափվածներին, նրանց թիվը ոչ թե 8-ը կլիներ, այլ ես կասեի՝ 80-ը, եթե ոչ 800-ը: Այն, ինչ անում է Փաշինյանը, ինքնապաշտպանություն է, ինքնախաբեություն»,-ասաց նա և նշեց, որ վարչապետից ավելի լայն զանգվածներ են դժգոհել, իսկ որոշ մասն էլ համոզվել է, որ սա պոպուլիստական իշխանություն է և սպառնում է պետական կառույցների բնականոն գործընթացին:
«Երեկվա և այսօրվա եթերն ակնհայտ է դարձնում, որ իրեն կորցրած, պրոցեսներն այլևս չվերահսկող, շուրջը տեղի ունեցող զարգացումները չհասկացող մարդու եթեր է, երբ ամեն ինչ այսպես քանդվում է և չգիտի ինչը փրկի, թե ինչը չի կարող այլևս փրկել: Սակայն, չգիտես ինչու որոշել է, որ Հայաստանի ժողովուրդը միամիտ և տգետ է, քանի որ իր տրամաբանությամբ, եթե լրատվամիջոցների վերաբերյալ նրա ասածներից հետո, օրինակ մարդիկ թերթերում կարդան որևէ պրոբլեմի մասին, ուրեմն կմտածեն, թե թերթը դա գրում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը փող չի տալիս»,-ասաց նա: