Համատեղ հայտարարություն
Հարավային Կալիֆորնիայի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված միջոցառումները կազմակերպող կառույցները՝ Լոս Անջելեսի Հայ Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց ցեղասպանության հանձնախումբը, հաշվի առնելով ներկայիս թագավարակի սպառնացող վտանգը, ինչպես նաև մասսայական հավաքներն արգելող տեղական և նահանգային հրահանգները, հանդես են եկել ոգեկոչման այլընտրանքային ծրագրերով։
Ամենամյա հավաքների փոխարեն, որոնց թվում էին ուխտագնացությունը Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավ-ցույցը Փոքր Հայաստանում, բողոք-ցույցը Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև, այս տարի, կառույցների համատեղ ջանքերով, պատրաստվել է ոգեկոչման շուրջօրյա այլընտրանքային ծրագիր, որը կհեռարձակվի Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ից, ինչպես հայկական տեղական հեռուստաալիքներով, այնպես էլ սոցիալական կայքերով։
Ծրագիրը միտված է պատվելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, որի շրջանակներում, հեռուստադիտողը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրաստիճան պաշտոնյաների, համայնքի առաջնորդների, հոգևորականների ուղերձները, ինչպես նաև տեղեկատվական հանրային քննարկումներ՝ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման վերաբերյալ։ Կցուցադրվեն նաև վավերագրական ֆիլմեր, համայնքի ճանաչված անձանց ելույթներ և մշակութային պրեզենտացիաներ։
Ցեղասպանությունն անասելի և աննկարագրելի սարսափ, զանգվածային սով սփռեց Օսմանյան Կայսրությունում բնակվող հայերի շրջանում։ Հենց այդ օրերին ԱՄՆ-ը հանդես եկավ ցեղասպանության արհավիրքը ապրածներին, Ամերիկայի պատմության մեջ առաջին աննախադեպ մեծամաշտաբ օգնության ծրագրով։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռացել ԱՄՆ-ի և ժողովրդի առատաձեռնությունն ու բարեգործությունը։ Եվ այժմ՝ 105 տարի անց, ԱՄՆ բնակչությունը առերեսվում է պարենամթերքի պակասության առջև՝ թագավարակի պանդեմիայի և լայնամաշտաբ ու մեծաքանակ գործազրկության հետևանքով։ Այս խնդիրը բարձրաձայնելու, մեր անմեղ նահատակների հիշատակը հավերժացնելու և մեզ օգնության ձեռք մեկնած ԱՄՆ-ին երախտագիտություն հայտնելու նպատակով, հայ համայնքային կառույցները, «Կերակրենք Ամերիկային» կազմակերպության հետ համատեղ՝ աշխատում են Ամերիկային 1,500,000 սննդամթերք մատակարարելու ուղղությամբ։
Այս վեհ նախաձեռնության շրջանակներում, հայ համայնքը հնարավորություն կունենա իր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ-ին՝ օրհասական պահին հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար։ Եվ այժմ, այս կենսական պահին, որպես հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներ, մեզնից յուրաքանչյուրը իր ներդրումը կունենա՝ աջակցելու մեր բոլոր համայնքներին և հարևաններին՝ անկախ պատկանելիությունից և ռասսայից, բոլոր նրանց, որոնց առջև ծառացել է պարենամթերքի պակասը։
Առաջիկա օրերին, կհայտարարենք նաև մանրամասներ սպասվելիք ոգեկոչման ծրագրերի և «1.5 միլիոն կերակրենք Ամերիկային» նախաձեռնության մասին։
Չնայած ներկայիս համամարդկային մարտահրավերներին, հայ հանձնախումբը, հավատարիմ մնալով մեր նախնիների վիթխարի օրինակին, այն է ՝ հաղթահարել ցանկացած անասելի տառապանք և տանջանք, և վերածնվել ավելի հզոր քան երբևէ, շարունակելու է հավատարիմ մնալ Հայ Դատի պահանջներին՝ Հայոց Ցեղասպանության հարցի արդարացի լուծմանը, Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու արդար փոխհատուցմանը։ Մեր աշխատանքները շարունակական են։
Մեր հիմքերն ամուր են և միասնական։ Մենք աշխարհին լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատկների մասին:
Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտ ավարտվի և մեր բոլոր համայնքները ոտքի կանգնեն ավելի հզոր քան երբևէ:
Միացյալ այս հանձնախումբը մաղթում է ձեզ ամենայն բարիք: Եղե՛ք միշտ առողջ և ապահով: