Միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնակով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում, երբևէ չեն ստանձնելու մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂ բնակչության համար սպառնալիքի ստեղծում, - ասաց Մնացականյանը: -Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և ստատուտի տարրերի լիարժեք արտահայտություն»։ Նախարարն ընդգծեց՝ սա անցնող երկու տարիների ընթացքում եղել և մնում է հայկական կողմի դիրքորոշումը, ինչի մասին խոսվում է նաև բանակցությունների ժամանակ․ «Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել և այլ բան խոսել հասարակության մոտ՝ սխալվում է։ Նման բան չի եղել և չի լինելու», - ասաց նախարարը։ Մնացականյանը նկատեց՝ Լավրովի խոսքում հղումներ են եղել բազմաթիվ փաստաթղթերի․«Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ, գնահատմամբ: 2014-ին առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը»։