Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Սարգսյան. Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին

Արմեն Սարգսյան. Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին
21.04.2020 | 22:28

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ.

«Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած այդ կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ: Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել ԱՄՆ-ում և Իտալիայում, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանել իր հետագա դասախոսական և գիտական-վերլուծական աշխատանքներում: Արտաքուստ մեղմ և ընկերական այդ անձնավորությունը ճշգրիտ և սկզբունքային էր խոսքի և գործի մեջ:
Ռուբենի հետ ինձ կապում էր ուսանողական տարիներից սկսած բարեկամությունը և ընկերությունը, շատ հարցերում մեր հայացքների ու գնահատականների նմանությունը:
Նա մեզնից հեռանում է մի տարիքում, երբ արդեն կուտակել էր փորձ, գիտելիքներ ու միջազգային ճանաչողություն, որոնք ծառայեցնում և դեռ երկար տարիներ կարող էր ծառայեցնել Հայրենիքին:
Հազար ափսոս: Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին:
Անդառնալի կորստի այս ծանր պահին իմ և Նունեի կողմից խորապես ցավակցում եմ Ռուբենի տիկնոջը, զավակներին և բոլոր հարազատներին»:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ