ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ասում էր իրականությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառանալով ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հաջորդած Մնացականյանի պատասխանին։ «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր դիրքորոշումը կամ ընկալումն է հայտնել, ՀՀ ԱԳՆ-ն՝ այն իրողությունները, որոնք կան, ու մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ», - ասաց Ռուբինյանը։
Հարցին՝ տեսնո՞ւմ է ռուսական կողմից պարզաբանում պահանջելու անհրաժեշտություն, Ռուբինյանն ասաց․ «Կարծում եմ, որ եթե կարիք լինի, մեր հնարավոր գործողությունների տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։
Ռուբինյանը չհամաձայնեց պնդման հետ, որ ՌԴ ԱԳՆ նման հայտարարությունը կարող է փաստել՝ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում։ Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունները հնչում», - ասաց նա՝ հավելելով․«Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, թե ինչ է քննարկվում, բազմիցս հայտարարվել է վարչապետի կողմից»։