ՌԴ ԱԳ նախարարի հայտարությունը հակասում է ՀՀ ղեկավարության հայտարարությանը. Հայաստանի իշխանությունները մինչ օրս պնդել են, որ բանակցություններ չկան, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մեջ ասվեց, որ բանակցություն կա, և թե ինչ փաստաթուղթ է բանակցվում, հետևաբար ՀՀ վարչապետն անպայման պետք է վերահաստատի իր հայտարարությունը, որ բանակցություններ չկան՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված:
«ՀՀ ԱԳ նախարարը հերքեց, թե սեղանին որևէ փաստաթուղթ է դրված, հետևաբար հարց է առաջանում՝ որ ԱԳ նախարարին հավատալ: Ես հավատում եմ ՀՀ ԱԳ նախարարին»,-նշեց Մարուքյանը: Հարցին՝ Լավրովը տեղեկատվական դիվերսիա՞ է իրականացնում, Մարուքյանն արձագանքեց, թե պետք է ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումներ պահանջի ՌԴ ԱԳՆ-ից, ավելին՝ ինքը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ անդրադառնա հարցին, հստակ հերքի այդ տեղեկությունը, որովհետև շատ շահարկվող հարց է ՀՀ ներքաղաքական կյանքում: «Ամենահստակ ձևով պետք է պարզաբանվի, որ որևէ ձևով որևէ շահարկման տեղիք չտա: Ես չեմ պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացվում են նշված փաստաթղթի շրջանակներում»,-ասաց նա: Հարցին՝ ինչ վարկածներ ունի, տեղեկություններ են շրջանառվում, որ այս ամենն արվում է ռուս-ադրբեջանական նավթային ինչ-որ գործարքների համատեքստում, պատգամավորն ասաց, որ տեղեկություններ չունի:
Անդրադառնալով գազի սակագնին՝ Մարուքյանը նշեց, որ ՀՀ-ն, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ՌԴ ռազմավարական գործընկեր, պետք է ունենա գազի հնարավորինս ցածր սակագին:
Անդրադառնալավ արտակարգ դրությանը՝ ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե երկարացնելու կարիք չկար, և սահմանափակումները պետք է պահպանվեին մի շարք հաստատություններում, մնացած դեպքերում՝ թուլացվեին: «Հիմա մենք ունենք իրավիճակ, որ և տնտեսությունն ենք կործանում, և առողջապահական իմաստով կանգ չունենք, վարակը շարունակվելու է, հետևաբար պետք է սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում: Մենք պետք է հնարավորություն տանք՝ մեր ժողովուրդը աշխատի, բայց հարց է՝ նրանք, ովքեր հիմա տանը նստած են, որ դուրս գան աշխատեն, իրենց աշխատատեղերը լինելու՞ են, թե՞ ոչ»,-ասաց նա:
Մարուքյանը նկատեց՝ Կառավարությունը հաստատել է աջակցության 14 ծրագիր, որոնք հնարավորինս բարդացված են, որ հանկարծ որևէ ունևոր չկարողանա օգտվել, բայց արդյունքում սոցիալական վատ վիճակում գտնվող հազարավոր մարդիկ աջակցություն չեն ստանում: «Խոսակցություններ կան, որ ընկերությունները, որոնց աշխատակիցները աջակցություն են ստացել, ասում են՝ աշխատակիցների գումարը կպահեն: Պետք է հստակ հսկողություն իրականացնել նաև սոցիալական աջակցության հարցերում»,-հավելեց նա: