Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց՝ ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը: Սաակաշվիլին պատրաստվում է Գերագույն ռադայում ներկայացնել զարգացման ու բարեփոխումների իր ծրագիրը: Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է Ուկրաինայի կառավարության կազմում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջարկին:
Ֆեյսբուքում նա գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է նախագահ Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետ դառնալու առաջարկ ստանալը: Ես նաև շատ բովանդակալից և օգտակար զրույց եմ ունեցել վարչապետ Շմիգալի հետ, որի ընթացքում մենք մանրամասնորեն քննարկել ենք կառավարությունում իմ հնարավոր աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը: Ես ընտրությունների ժամանակ աջակցել եմ նախագահ Զելենսկուն, և այն ամբողջ ժամանակը, ինչ նա զբաղեցնում է այդ պաշտոնը, ես մեծ հույսեր եմ կապում նրա թիմի հետ... Ես այդ առաջարկին և իմ որոշմանը մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ, քանի որ սա շատ բարդ ժամանակ է երկրի համար: Առջևում մեզ շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում՝ ինչպես տնտեսությունում, այնպես էլ երկրի կյանքում առհասարակ: Մեզ այժմ անհրաժեշտ է ինչպես երբևէ խիզախ լինել մեր որոշումներում և բարեփոխումներում: Գերագույն Ռադայում ես կներկայացնեմ իմ առաջարկներն անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ` որպես Շմիգալի կառավարության կառավարական ծրագրի մաս, հստակ առաջարկներով, որոնք ինձ մոտ առաջացել են ինչպես Ուկրաինայից դուրս, այնպես էլ Ուկրաինայում աշխատելու ժամանակ` հիմնվելով և դրական, և բացասական փորձի վրա:
Ես հուսով եմ, որ թիմի հուսալի անդամ կդառնամ և պիտանի կլինեմ Ուկրաինայի ժողովրդին՝ մարդկանց համար ինչ-որ օգտակար բան անելով: Ես նաև հույս ունեմ օգտագործել իմ միջազգային փորձը, որպեսզի օգտակար լինեմ կառավարական թիմի անդամներին, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններս, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունը և նրա ինտեգրումը միջազգային համայնքներին` առաջին հերթին Ուկրաինայի ժողովրդի շահերը պաշտպանելու և երկրի զարգացմանը նպաստելու համար»: