Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստի օրակարգում է Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու հարցը։ Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները:
Գրության մեջ նաև նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման ծախսերը: ԱԳՆ-ի առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ: Մահաթմա Գանդիի արձանի տեղադիրքը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում կապահովի վերջինիս առավել շահեկան տեսողական ընկալումը տարածության մեջ:
«Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման ընդունման կապակցությամբ Երևան համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում: