Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով՝ առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։
«2019-ի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ 2018-ի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով», - ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ այս թվերը շատ խոսուն ցուցանիշներ են։
«Իմ կարծիքով՝ այս երկու ցուցանիշները վկայում են, որ մենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք, բայց մենք, այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք հասկանալու համար՝ գումարը արդյոք ճիշտ տեղում ենք ներդնում», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. «Բայց չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացնենք՝ հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ»: