Ապրիլի 22-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Նրան զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին: Նախարարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար: ՊՆ նախարարն ունկնդրել է զորամիավորման և զորամասերի հրամանատարների զեկույցները ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման, անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին, տվել հանձնարարականներ: