Կառավարությունն այլևս ընդունում է, որ Հայաստանը տարին կամփոփի տնտեսական անկմամբ՝ մինուս 2 տոկոս, ու հետևանքները չեզոքացնելու նպատակով պատրաստվում է ներգրավել կես միլիարդ դոլար լրացուցիչ պարտք։
Կառավարության նիստում հավանության արժանացավ Հայաստանի 2020-ի պետբյուջեի օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը, որը դեռ պետք է հաստատի Ազգային ժողովը։ Պետբյուջեի համաձայն՝ տարին Հայաստանը պետք է ամփոփեր 4,9 տոկոս տնտեսական աճով։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս տարվա պետբյուջեն ծրագրելիս գործնականում հնարավոր չէր կանխատեսել, թե ինչ տեղի կունենա հետագայում, և աշխարհում չկա որևէ պետություն, որի տնտեսությունը չի ենթարկվել համավարակի բացասական ազդեցությանը։ Նախարարը ներկայացրեց երեք հիմնական պատճառ, որոնց բացասական ազդեցությունը էական է Հայաստանի տնտեսության համար. հանքահումքային ոլորտում աշխարհում նկատվում է պահանջարկի՝ հետևաբար գների անկում, զբոսաշրջության ոլորտը, փաստորեն, դադարել է գործել ու այս տարվա կանխատեսումներն էլ լավատեսական չեն, և վերջապես՝ մասնավոր տրանսֆերտների ոլորտը, ուր նույնպես անկում է սպասվում նախատեսվածի համեմատ։ «Մենք տվել ենք արդեն ամբողջական գնահատականը, ամբողջն իրար հետ՝ ներքին սահմանափակումները և արտաքին սահմանափակումները հաշվի առնելով կանխատեսվում է, որ մեր ՀՆԱ-ն կունենա բացասական մեծություն 2 տոկոս չափով: Սա տարբերվում է ծրագրված և բյուջետավորված տնտեսական զարգացումների կանխատեսումների հիմքում ընկած տնտեսական աճի ցուցանիշից, այն 4,9 տոկոս էր, ուղղակի հիշեցնելու համար ասեմ, հետևաբար դրա արձագանքման քաղաքականություն պիտի իրականացվի: Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, կարծում եմ, որ մենք ունենք մինչ այժմ կուտակած պոտենցիալ, որը կարող է հենց այսպիսի իրավիճակի համար օգտագործվել», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը հիշեցրեց՝ նշված բացասական զարգացումներին հակազդելու նպատակով կառավարությունն արդեն իսկ հայտարարել է մոտ 150 միլիարդ դրամ ծախսելու մասին։ Սակայն այդ գումարը հայթայթելու համար անհրաժեշտ է լրացուցիչ պարտք վերցնել, որովհետև տնտեսության անկումը չի կարող չհանգեցնել հարկային եկամուտների կրճատմանը։ Նախատեսվում է, որ ծրագրվածից շուրջ 170 միլիարդ դրամ պակաս հարկ ու տուրք է հավաքվելու այս տարի։ «Գնահատականը մոտավորապես 260 միլիարդ դրամ է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման, որը անհրաժեշտ կլինի, որպեսզի ապահովվի քիչ առաջ ներկայացված սցենարի իրականացումը: Սա նշանակում է, որ նաև հաշվի առնելով ՀՆԱ-ի սպասվող մեծությունը, մեր պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին, մինչդեռ 2019-ի արդյունքներով մենք ունեինք կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոս մակարդակ», - նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ Ֆինանսների նախարարության, այս տարվա մարտի վերջին Հայաստանի պետական պարտքը, որ ներառում է կառավարության ու Կենտրոնական բանկի արտաքին ու ներքին պարտքերը, կազմում է 7 միլիարդ 289 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա վերջի համեմատ պակաս է ավելի քան 34 միլիոն դոլարով։
Հայաստանում տնտեսական անկում գրանցվել էր 2009-ին՝ 14,1 տոկոս, և այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի առաջին հորիզոնականներում էր։