ՀՀ վարչապետը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իր հայտարարություններին որևէ բան ավելացնելու, որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում՝ ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման` նշել են վարչապետի աշխատակազմից:
«Ազատությունը» հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով Երևանի պնդումները, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, ինչ առաջարկներ են քննարկվել անցած տարի ապրիլին՝ Մոսկվայում, որին հղում է անում նա, այդ հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է խնդրի լուծման փուլային տարբերակը, և ո՞րն է Երևանի դիրքորոշումը այդ տարբերակի շուրջ։ Բացի այդ, «Ազատությունը» հարցրել էր` ինչ նախագծեր են այս պահին ակտիվորեն քննարկվում, բանակցային սեղանին ընդհանրապես կա՞ որևէ փաստաթուղթ, որքանո՞վ են ընդունելի հայկական կողմերի համար, և եթե Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, Երևանը պատրաստվու՞մ է բացատրություն պահանջել ռուսական կողմից։
«Միաժամանակ նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն Ձեր կողմից նշված հարցերի վերաբերյալ ներկայացրել է բոլոր անհրաժեշտ պարզաբանումները»,- ասված է գրավոր պատասխանի մեջ: