Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԵՄ ղեկավարների տեսահամաժողովի ձևաչափով հանդիպման ընթացքում իր աջակցությունն է հայտնել տնտեսական վերականգնման հիմնադրամի անհապաղ ստեղծման և ավիահաղորդակցության շուտափույթ վերականգնման հարցերին։ Հինգշաբթի տեսահամաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների հետևանքով տուժած տնտեսությունների հետճգնաժամային վերականգնման հարցը։ Վարչապետ Միցոտակիսը ընդգծել է, որ Հունաստանը լիովին աջակցում է տնտեսության վերականգնման հիմնադրամի ստեղծման գաղափարին։ Վարչապետը համակարծիք է, որ այդ հիմնադրամը պետք է շատ մեծ լինի, և պետք է ինչ-որ ընդհանուր երկարաժամկետ պարտքային համակարգի օգնությամբ ֆինանսավորվի։
«Հիմնադրամն առաջին հերթին պետք է կենտրոնանա ԵՄ անդամ պետությունների սուբսիդավորումների, այլ ոչ թե վարկերի տրամադրման վրա։ Մենք ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության հետագա աճ չպետք է թույլ տանք», -զգուշացրել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ ռազմավարությունը, որը ցանկացած երկրի պետական պարտքն ավելի չի ծանրացնում, բոլոր երկրների ընդհանուր շահից է բխում և դադարում է միայն «համերաշխաության ակտ» լինել։ «Եվրոպան կրկին չպետք է չափազանց ուշ, չափազանց քիչ անի»,- ընդգծել է վարչապետը։