Կորոնավիրուսի համավարակն ավտորիտար պետությունների համար չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ մարդու իրավունքները ոտնահարելու կամ տեղեկատվության ազատ հոսքը ճնշելու՝ նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, գրում է The Guardian-ը։ Նրա խոսքով՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակն արագորեն վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի: Գուտերեշը ևս մեկ անգամ կոչ է արել դադարեցնել հակամարտությունները և նախազգուշացրել է վիրուսի հետևանքով ընտանիքում բռնության աճի մասին։ Նա զգուշացրել է, որ «վիրուսն ատելության հողի վրա արտահայտությունների թվի աճի, բնակչության խոցելի խմբերի վրա նպատակային ազդեցության և անվտանգության ոլորտում կոշտ պատասխան միջոցների ռիսկի հետևանքով անհամաչափ ուժեղ ազդեցություն է ունենում որոշ համայնքների վրա»։
Covid-19-ի և մարդու իրավունքների մասին իր նոր զեկույցում ՄԱԿ-ն ընդգծել է, որ այնպիսի արտահայտությունների օգտագործումը, ինչպիսիք են՝ «օտարերկրացու հիվանդությունը», կարող են հանգեցնել խտրականության, այլատյացության, ռասիզմի և հարձակումների: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ այս օրերին փախստականները, ներքին տեղահանվածները և ներգաղթյալներն ապրում են գերբնակեցման պայմաններում: ՄԱԿ-ը նշել է, որ երբեմն կեղծ լուրերի պատրվակով ձերբակալվում են լրագրողներ, բժիշկներ, բժշկական ոլորտի աշխատողներ և քաղաքական ընդդիմության ակտիվիստներ: