ԵՄ ղեկավարները Եվրահանձնաժողովին կոչ են արել անհապաղ կազմել կորոնավիրուսից տուժած միության տնտեսական վերականգնման ծրագիր՝ ասել է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը:
«Մենք վերահաստատում ենք միասնաբար առաջ շարժվելու հստակ վճռականությունը, մենք քննարկել ենք համավարակը հակազդելու Եվրոպայի պատասխանը և ողջունել ենք COVID-19 հիվանդությունը զսպելուն ուղղված Եվրոպայի միացյալ ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է սահմանված միջոցառումների թուլացում: Մենք վերահաստատում ենք, որ առաջնահերթությունը մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է», - ասել է Շարլ Միշելը: Նրա փոխանցմամբ, ԵՄ ղեկավարները հանձնաժողովից ակնկալում են տնտեսության վերականգնման ծրագիրը ներառել 2021-2027-ի բյուջեում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ 7 տարվա բյուջեն պետք է ավելացվի և ընդգրկի տնտեսության վերականգնումը:
«Հանձնաժողովը կստանա ֆոնդերը մեծացնելու և բյուջեի հատկացումների խողովակներով անդամ երկրներին տրամադրելու հնարավորություն», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գումար պետք է նշվի ԵՄ ապագա բյուջեում, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, խոսքը, հավանաբար, 1 տրիլիոնից 1,5 տրիլիոն եվրոյի մասին է: Իտալիան հայտարարել է, թե նպատակահարմար կլիներ, որ հատակցումները տրամադրեն ոչ թե վարկերի, այլ դրամաշնորհի եղանակով:
Սակայն Եվրամիության հարուստ երկրները, մասնավորապես, Ավստրիան, նշում են, որ դա «ֆինանսական առումով անպատասխանատու քայլ կլիներ»: